Ականջների անհամաչափությունը և լայնականջությունը բավական հաճախ են հանդիպում թե՛ մեծահասակների և թե՛ երեխաների շրջանում։ Այսպիսի դեպքերում սովորաբար դիմում են ականջների պլաստիկ վիրահատության (օտոպլաստիկա), որը ամբողջ աշխարհում ամենատարածված վիրահատական միջամտություններից է:
Ցուցումներ
- Լոշտակություն
- Ականջների անհամաչափություն
- Ականջախեցիների և ականջաբլթակների դեֆորմացիա և վնասվածքներ
Ինչպե՞ս է կատարվում օտոպլաստիկան
Օտոպլաստիկան բոլորովին անվտանգ վիրահատական միջամտություն է: Այն հիմնականում իրականացվում է երկու նպատակով՝ ռեկոնստրուկտիվ (երբ անհրաժեշտ է լինում վերականգնել ականջը կամ դրա մի հատվածը) և էսթետիկ (ականջի տեսքի, ձևի, չափի և դիրքի փոփոխության համար):
Թե՛ առաջինի, թե՛ երկրորդի դեպքում իրականացվում է միայն արտաքին ականջի փոփոխություն և երկուսն էլ բացարձակապես կապ չունեն լսողության հետ: Մեծահասակների մոտ օտոպլաստիկան կատարվում է որպես ամբուլատոր միջամտություն՝ տեղային անզգայացումով։ 8 տարեկանից ցածր երեխաների մոտ այն կատարվում է ընդհանուր անզգայացման պայմաններում միջամտության ընթացքում նրանց հանգիստ պահելու նպատակով։ Այն կարող է տևել 30 րոպեից մինչև 1-2 ժամ՝ կախված բարդության աստիճանից:
Ականջների պլաստիկ վիրահատության տեսակների մեջ, լոշտակության ուղղումը ամենապահանջվածներից է: Այս դեպքում կատարվում է աճառային հյուսվածքների վերափոխում, ձևավորվում է ականջախեցու ճիշտ և բնական ձև, այնպես, որ ականջը հնարավորինս մոտ լինի գլխին:
Հետվիրահատական ընթացք
Ի տարբերություն այլ պլաստիկ վիրահատությունների, օտոպլաստիկայի դեպքում պրոցեդուրայից հետո արդյունքն անմիջապես երևում է: Հետվիրահատական ընթացքը սկզբնական շրջանում ուղեկցվում է ցավերով, որոնք 4-5 օր անց բավականին մեղմանում են: Ականջների շուրջ առաջացած կապտուկներն անցնում են մոտ 2 շաբաթ, իսկ այտուցները՝ 2 ամիս հետո: Ամբողջական վերականգնումը տևում է մոտ 5-6 ամիս: