Պլազմոթերապիա մազերի համար

պլազմոթերապիա մազերի համար
admin

Փարթամ ու խիտ մազեր ունենալու երազանքն այսօր բնորոշ է ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց, որոնք բախվում են վաղաժամ ճաղատացման խնդրին։ Մազաթափությունը խնդիր է, որի դեմ կոսմետոլոգիայի ոլորտում պայքարում են ամենօրյա ռեժիմով։ Մազաթափության դեմ ուղղված բազմաթիվ մեթոդներ կան, սակայն դրանցից ամենարդյունավետներից մեկը համարվում է պլազմոթերապիան՝ PRP-ն։

Ի՞նչ է պլազմոթերապիան

Այս մեթոդն ուղղված է օրգանիզմի ներքին վերականգնողական ռեզերվների ակտիվացմանը՝ օգտագործելով հենց մարդու սեփական արյան պլազման, որը հարստացված է թրոմբոցիտներով։ Առաջին անգամ այս տեխնիկան կիրառվել է կոսմետոլոգիայում և տրիխոլոգիայում (մազաբուժություն) դեռ 2009 թվականին և տվել է դրական արդյունքներ։ Այսօր մազերի PRP թերապիան պաշտոնապես ճանաչված և կիրառվող մեթոդ է նաև Հայաստանում։

Պլազմոթերապիայի էֆեկտը պայմանավորված է նրանով, որ մաշկի մեջ ներարկված պլազման խթանում է նոր ցողունային բջիջների առաջացումը։ Թրոմբոցիտներն ակտիվացնում են աճի գործոնների սինթեզը, ինչի շնորհիվ մազապարկերի բջիջները սկսում են ավելի ինտենսիվ բաժանվել, իսկ դրանց աշխատանքը՝ կարգավորվել։

Բացի այդ, թրոմբոցիտների և ֆիբրոբլաստների փոխազդեցությունը խթանում է կոլագենի և մատրիքսային ՌՆԹ-ի արտադրությունը՝ բարելավելով միջբջջային տարածքի կառուցվածքը։ Ներարկումները միաժամանակ ուժեղացնում են արյան շրջանառությունը գլխամաշկում՝ մազարմատներն ավելի լավ սնուցելով։

Ո՞ր դեպքերում է ցուցված պլազմոթերապիան

Այս մեթոդը ցուցված է, եթե առկա են հետևյալ խնդիրները․

  • Սեզոնային կամ քրոնիկ մազաթափություն

  • Մազերի թուլացում հղիությունից կամ հորմոնալ փոփոխություններից հետո

  • Մազերի բարակություն, փխրունություն

  • Օջախային կամ անդրոգեն մազաթափություն

  • Մազերի վնասվածք ներկումից կամ հաճախակի ջերմային մշակումից հետո

  • Դանդաղ աճող մազեր

  • Գլխամաշկի արյան շրջանառության խանգարում

պլազմոթերապիա

Ինչպե՞ս է իրականացվում մազերի պլազմոթերապիան

1. Նախապատրաստում։ Բուն ընթացակարգից մի քանի օր առաջ խորհուրդ է տրվում․

  • Բացառել արյունը ջրիկացնող դեղորայքը

  • Չօգտագործել ալկոհոլ և չուտել յուղոտ սնունդ

  • Խմել շատ ջուր՝ պլազմայի որակը բարելավելու համար

  • Անպայման խորհրդակցել բժշկի հետ՝ հակացուցումները պարզելու համար

2. Գործընթաց։
Եթե հակացուցումներ չկան, ապա մասնագետը վերցնում է պացիենտի մի փոքր քանակությամբ երակային արյուն։ Այն դրվում է հատուկ ցենտրիֆուգի մեջ, որտեղ բաժանվում է ֆրակցիաների։ Արդյունքում առանձնացվում է թրոմբոցիտներով հարստացված պլազման։

Այնուհետև՝ մազարմատների հատվածում, մաշկի մեջ կատարվում են միկրոներարկումներ՝ ամենաբարակ ասեղների միջոցով։ Տևողությունը՝ 30–40 րոպե։ Ընթացքից հետո հնարավոր է նշանակվեն լրացուցիչ խնամքի միջոցներ կամ թեթև մերսում՝ սնուցող նյութերի ներծծումը բարելավելու նպատակով։

Արդյունքները PRP թերապիայից

Առաջին դրական արդյունքները տեսանելի են արդեն մի քանի սեանսից հետո։ Սովորաբար, լիարժեք կուրսը ներառում է 3–6 պրոցեդուրա՝ 2–3 շաբաթ ընդմիջումով։ Դրական ազդեցությունները հետևյալն են․

  • Մազաթափության նկատելի նվազում

  • Մազերը դառնում են խտացած, ուժեղ և առողջ տեսք ունեցող

  • Բարելավվում է մազերի կառուցվածքը

  • Արագանում է նոր մազերի աճը

PRP-ն ոչ միայն դանդաղեցնում է մազաթափությունը, այլև խթանում է նոր մազերի աճը՝ վերադարձնելով մազածածկույթին առողջ և խնամված տեսք։

Հակացուցումները

Թեպետ պլազմոթերապիան համարվում է համեմատաբար անվտանգ, սակայն գոյություն ունեն որոշ հակացուցումներ․

  • Գլխամաշկի վարակային հիվանդություններ

  • Օնկոլոգիական հիվանդություններ

  • Արյան մակարդելիության խանգարումներ

  • Հղիություն

  • Աուտոիմուն բնույթի հիվանդություններ

  • Օրգանիզմում սուր բորբոքային պրոցեսներ

Նախքան ընթացակարգը, պարտադիր է խորհրդակցել մասնագետի հետ, ով կգնահատի գլխամաշկի վիճակը և կընտրի համապատասխան բուժման ծրագիր։

Վերականգնման շրջանը

Ընթացակարգից հետո կարող է նկատվել փոքր կարմրություն կամ այրոցի զգացողություն, որոնք անցնում են մի քանի ժամվա ընթացքում։ Առավելագույն արդյունքի համար կարևոր է հետևել մի քանի խորհուրդների․

  • 1 օր չլվանալ գլուխը

  • 3–5 օր չայցելել լողավազան

  • Խուսափել ագրեսիվ շամպունների օգտագործումից

  • Մի քանի օր չկատարել մազարմատների մերսում

Այս պարզ կանոնների պահպանումը կօգնի ամրապնդել ստացված արդյունքը և նվազեցնել անցանկալի ռեակցիաների առաջացումը։ Լիարժեք վերականգնումը տևում է մոտ 2–3 օր, որից հետո կարելի է վերադառնալ սովորական խնամքի ռեժիմին։

Եթե ձեզ հետաքրքրեց այս արդյունավետ ընթացակարգը, ապա կարող եք այցելել Դա Վինչի կլինիկա և անցնել խորհրդատվություն մեր մասնագետների մոտ։ Գրանցվելու համար զանգահարեք մեզ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով