Մաշկը մեր մարմնի ամենամեծ օրգանն է, և բնական է, որ դրա վրա երբեմն կարող են առաջանալ տարբեր տեսակի գոյացություններ՝ բշտիկներ, պապուլաներ և գույնի փոփոխություններ։ Չնայած դրանց մեծ մասը բարորակ են և բուժման կարիք չեն ունենում, որոշ դեպքերում խորհուրդ է տրվում այցելել մասնագետի՝ ճիշտ ախտորոշման և անհրաժեշտության դեպքում՝ հեռացման համար։
Այս բլոգում կխոսենք ամենատարածված մաշկային գոյացությունների մասին, որոնց հաճախ ենք հանդիպում մեզ մոտ։
Ակտինիկ կերատոզ
Ակտինիկ կերատոզն առաջանում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների երկարաժամկետ ազդեցության հետևանքով: Հաճախ նկատվում է դեմքի, ականջների, ձեռքերի կամ գլխի հատվածում։ Թեև բարորակ է, որոշ դեպքերում կարող է վերածվել քաղցկեղի, ուստի բուժումը կարևոր է։
Չերի անգիոմա
Սրանք փոքր, կարմիր գոյացություններ են մաշկի վրա՝ առաջացած փոքրիկ արյունատար անոթներից։ Դրանք անվնաս են, բայց հաճախ անհանգստացնում են էսթետիկ տեսանկյունից։ Դրանք հեռացվում են լազերային մեթոդներով։
Էպիդերմոիդ կիստա
Ամենահաճախ հանդիպող մաշկային կիստան։ Առաջանում է որպես կլոր, պինդ գոյացություն՝ մաշկի տակ, երբեմն՝ սպիտակ կամ դեղին պարունակությամբ։ Հաճախ հանդիպում է դեմքին, մեջքին կամ վերջույթներին։ Բորբոքված կիստաները հեռացվում են վիրահատական եղանակով։
Սեբորեային կերատոզ
Շատ տարածված մաշկային գոյացություն, որը կարող է նմանվել քաղցկեղային բշտիկների։ Թեև վտանգավոր չէ, որոշ դեպքերում երբ ցավոտ է, մեծանում է կամ բորբոքվում, այն հեռացվում է կտրելու կամ լազերային բուժմամբ։
Մելիում կամ ճարպագունդ
Փոքր, սպիտակ կամ դեղին պնդացած բշտիկներ, հիմնականում՝ կոպերի, այտերի և ճակատի վրա։ Դրանք առաջանում են մաշկի մեջ կերատինի կուտակման արդյունքում։ Հեռացումը կատարվում է մասնագիտական մաքրման միջոցով։
Նևուս
Բարորակ խալ, որոնք կարող են լինել հարթ, ուռուցիկ կամ մազակալված։ Որոշ տեսակները՝ հատկապես մեծ կամ փոփոխվող խալերը, անհրաժեշտ է հետևել կամ հեռացնել ըստ բժիշկի ցուցման։
Լիպոմա
Փափուկ, շարժուն ճարպային գոյացություն է մաշկի տակ՝ հաճախ հանդիպում է պարանոցի, մեջքի կամ վերջույթների հատվածներում։ Լիպոմաները սովորաբար անվնաս են, բայց երբ մեծանում են կամ անհարմարություն են պատճառում, հեռացվում են վիրահատությամբ։
Պիոգեն գրանուլոմա
Արագ զարգացող, արյունահոսող, կարմիր գոյացություն, որն առաջանում է մաշկի վնասվածքից կամ հորմոնային փոփոխություններից հետո (օրինակ՝ հղիության ընթացքում)։ Բուժվում է կաուտերիզացիայով կամ կտրելով։
Ինչու՞ դիմել Դա Վինչի կլինիկա
Դավինչի կլինիկայի փորձառու մաշկաբանները կիրառում են ժամանակակից մեթոդներ՝ մաշկային գոյացությունները ճշգրիտ ախտորոշելու և բուժելու համար։ Շնորհիվ մինիմալ ինվազիվ մեթոդների և մասնագիտական գիտելիքների՝ մեր մոտ կարող եք ստանալ թե՛ բուժում, թե՛ էսթետիկ արդյունք։
Եթե նկատում եք որևէ նոր գոյացություն կամ փոփոխություն մաշկի վրա, մի հետաձգեք՝ գրանցվեք խորհրդատվության։