Բլեֆարոպլաստիկա

admin

Կոպերի պլաստիկ վիրահատությունը (բլեֆարոպլաստիկա) ամբողջ աշխարհում գնալով ավելի մեծ տարածում է ունենում: Այն կարող է իրականացվել ինչպես էսթետիկ, այնպես էլ ֆունկցիոնալ նպատակներով: Վիրահատության այս տեսակն իրենից ներկայացնում է վերին կամ ստորին կոպերի ձգում, ճարպային ճողվածքների, աչքերի տակի պարկերի, կնճիռների և ծալքերի հեռացում:

 

Մաշկի և ճարպի ավելցուկը աչքերի շուրջ ստեղծում են գերհոգնածության պատկեր և մարդը իրական տարիքից ավելի ծեր է երևում։ Կոպի կախվածության հաշվին տուժում է նաև տեսողությունը։

Կոպերի վրա կատարվող պլաստիկ վիրահատությունը բարելավում է արտաքին տեսքը, լավացնում է տեսողությունը և շատ դեպքերում նաև կարգավորում է ներակնագնդային ճնշումը։

 

Ու՞մ համար է բլեֆարոպլաստիկան

Իդեալական է նրանց համար, ովքեր ունեն՝

  • Աչքերի տակ նկատելի պարկեր
  • Վերին կամ ստորին կոպերի կախված մաշկ
  • Ճարպային ճողվածքներ
  • Աչքի արտաքին անկյունների կախվածություն

 

Հակացուցումներ

Բլեֆարոպլաստիկա կատարելու համար հակացուցում կարող են հանդիսանալ աչքի հիվանդությունները: Օրինակ՝  գլաուկոմայի կամ չոր աչքի համախտանիշի դեպքում վիրաբուժական միջամտություններն ընդհանրապես անցանկալի են, քանի որ դրանք կարող են միայն խորացնել հիվանդությունը։

 

Վիրահատություն

Կոպերի պլաստիկան հնարավոր է իրականացնել թե՛ տեղային, թե՛ ընդհանուր անզգայացմամբ: Եթե այն չի զուգակցվում երիտասարդացմանն ուղղված այլ վիրահատության հետ, ապա հաճախ արվում է միայն տեղային անզգայացում և տևում է 40 րոպեից մինչև 1,5 ժամ՝ կախած ծավալներից:

Վիրաբույժը կատարում է վերին կամ ստորին կոպի մաշկի հատում, ապա՝ հարթեցնում կամ հեռացնում է ճարպային հյուսվածքները: Այնուհետև դրվում են կոսմետիկ կարեր, որոնց սպիները հետագայում անտեսանելի են լինում կոպերի վրա՝ շնորհիվ մաշկի ծալքերի:

 

Հետվիրահատական ընթացք

Կոպերի պլաստիկայից հետո վերականգնման ընթացը բավական հեշտ է ընթանում: Ինչպես յուրաքանչյուր պլաստիկ վիրահատությունից հետո, այս դեպքում նույնպես լինում են ցավեր, կապտուկներ և այտուցներ:

Կապտուկներն անցնում են մոտ 10 օրվա, իսկ այտուցները՝ ամենաշատը 2 ամսվա ընթացքում: Իսկ ահա արդյունքը երևում է 2-4 շաբաթվա ընթացքում՝ կախված մի շարք հանգամանքներից, պահպանվում է այն 10-15 տարի՝ կախված մաշկի, օրգանիզի և գենետիկ առանձնահատկություններից: Եթե վիրահատությունը կատարվել է պրոֆեսիոնալ, փորձված վիրաբույժի ձեռքով, ապա այն երկրորդ անգամ կրկնելու կարիք թերևս չի լինի:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով