Մեզոթերապիայից հետո գլխամաշկի ի՞նչ խնամք է անհրաժեշտ:
Մազաթափությունը, մազերի դանդաղ աճը և գլխամաշկի հետ կապած այլ խնդիրներ կարող են բարդույթների պատճառ դառնալ: Այս անգամ Դա Վինչի կլինիկայի բժիշկ-կոսմետոլոգ Նարինե Թումանյանի հետ խոսեցինք վերոնշյալ խնդիրների լուծման ամենաարդյունավետ միջոցների մեկի՝ գլխամաշկի մեզոթերապիայի մասին:
Ի՞նչ է գլխամաշկի մեզոթերապիան և ի՞նչ խնդիրներ է այն լուծում:
Մեզոթերապիան ներարկումային ճանաչված մեթոդ է, որի ժամանակ իրականացվում են ներմաշկային և ենթամաշկային ներարկումներ և լուծվում տարատեսակ խնդիրներ: Գլխամաշկի մեզոթերապիայի դեպքում բուժիչ նյութերը ներարկվում են անմիջապես գլխամաշկի մեջ՝ ակտիվացնելով մազարմատները և սնուցելով գլխամաշկը:
Կիրառվում է մազաթափության տարբեր տեսակների, սեբորեայի, մաշկաբորբի (դերմատիտ) դեպքում, բարձրացնում է մազերի որակը, խթանում դրանց աճը:
Ներարկման համար ի՞նչ դեղամիջոցներ են օգտագործվում:
Մեզոթերապիայի դեպքում դեղամիջոց բառը փոխարինում ենք մեզոկոկտեյլով, որն իր մեջ կարող է ներառել տարբեր խմբի վիտամիններ, պեպտիդներ, միներալներ, հիալուրոնաթթու և այլն: Մեզոկոկտեյլի ընտրությունը կախված է պացիենտի խնդրից:
Քանի՞ պրոցեդուրա է անհրաժեշտ խնդրի վերջնական լուծում ստանալու համար և որքա՞ն ժամանակ անց կարելի է նկատելի արդյունք տեսնել:
Պրոցեդուրաների քանակն, իհարկե, կախված է խնդրից, բայց հիմնականում միջինը 7-12 այցելություն է անհրաժեշտ: Ներարկումներն իրականացվում են շաբաթը մեկ անգամ և տևում են 10-ից 15 րոպե:
Բուժումը սկսելուց 2 ամիս անց կարելի է նկատելի արդյունք տեսնել: Կախված խնդրից՝ պացիենտները կարող են փոփոխություն զգալ 3-4 պրոցեդուրայից հետո:
Մենք պացիենտներին նախապես զգուշացնում ենք, որ ներարկումները կիսատ թողնելու դեպքում արդյունքը հնարավոր է՝ չգոհացնի:
Ի՞նչ հակացուցումներ կան:
- Մեզոկոկտեյլի որևիցե բաղադրիչի նկատմամբ բարձր զգայնություն (ալերգիկ ռեակցիա),
- Օնկոլոգիական հիվանդությունները,
- Գլխամաշկի բորբոքային պրոցեսներ,
- Հղիություն և կրծքով կերակրում,
Խորհուրդ է տրվում բժշկին տեղյակ պահել դաշտանային ցիկլի մասին, քանի որ դիտվում ՝է ցավի զգացողության բարձրացում և արդյունավետության նվազում:
Իսկ գլխամաշկի ո՞ր խնդիրների դեպքում մեզոթերապիան չի օգնում:
Գլխամաշկի մեզոթերապիան անօգուտ է ամբողջովին ճաղատ մարդկանց համար: Այս դեպքում կարող է օգնել միայն մազերի փոխպատվաստումը:
Մեզոթերապիայից հետո գլխամաշկի ի՞նչ խնամք է անհրաժեշտ:
Անմիջապես պրոցեդուրայից հետո հատուկ խնամքի կարիք չկա, պարզապես ներարկման օրը չպետք է գլուխը լվանալ: Խորհուրդ է տրվում ամբողջական կուրսը ավարտելուց հետո 2 ամիսը մեկ անգամ միանգամյա պրոցեդուրա անցնել, որպեսզի արդյունքն ավելի լավ պահպանվի:
Պրոցեդուրան ցավո՞տ է թե՞ ոչ:
Ցավը տանելի է: Ներարկումներն իրականացվում են բարակ ասեղով: Ամեն ինչ արվում է, որ պացիենտի համար պրոցեսը հարմարավետ լինի:
Աղբյուրը՝ Doctors.am